
Երևանի անշարժ գույքի շուկայի 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ մայրաքաղաքում բնակարանների միջին գները շարունակում են պահպանել աճի միտումը։ Գնային բարձրացումը ընդհանուր առմամբ դրական է, սակայն շուկայի ներսում այն տարբեր կերպ է արտահայտվում․ արդեն ձևավորված և բարձր արժեք ունեցող վարչական շրջաններում աճը կայուն է ու չափավոր, իսկ զարգացող հատվածներում՝ ավելի արագ և զգալի։
Այս համատեքստում Երևանի անշարժ գույքի շուկայում կարելի է առանձնացնել երկու հիմնական գնային վարքագիծ։ Առաջինը վերաբերում է արդեն զարգացած և բարձր գնային մակարդակ ունեցող վարչական շրջաններին, որտեղ գներն աճում են ավելի դանդաղ, բայց կայուն։ Երկրորդը վերաբերում է զարգացող վարչական շրջաններին, որտեղ դեռևս առկա է վերագնահատման ավելի մեծ պոտենցիալ, ինչի արդյունքում գների աճն ավելի արագ է արտահայտվում։ Այս տրամաբանությամբ որպես կայուն և զարգացած վարչական շրջան կարելի է առանձնացնել Կենտրոնը (1.2% աճ), իսկ որպես արագ աճող և զարգացող ուղղություն՝ Նորք-Մարաշը (21% աճ)։
Ստորև ներկայացված գրաֆիկում արտացոլված է Երևանի վարչական շրջաններում բնակարանների միջին գների դինամիկան՝ 2025թ․ առաջին եռամսյակի, 2025թ․ չորրորդ եռամսյակի և 2026թ․ առաջին եռամսյակի տվյալներով։ Գրաֆիկը հնարավորություն է տալիս համեմատել ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային փոփոխությունները և տեսնել, թե որ վարչական շրջաններում է գնային աճը եղել ավելի կայուն կամ ավելի արագ արտահայտված։

Կենտրոն վարչական շրջանը շարունակում է մնալ Երևանի ամենաբարձր գնային գոտին։ 2026թ․ առաջին եռամսյակում այստեղ 1 քմ-ի միջին գինը կազմել է մոտ 908,000 դրամ։
Կենտրոնի դեպքում կարևորն այն է, որ գինը բարձր է, սակայն աճի տեմպը համեմատաբար մեղմ է։ 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ գինը աճել է մոտ 1.2%, իսկ 2025թ․ չորրորդ եռամսյակի համեմատ՝ մոտ 0.5%։ Սա ցույց է տալիս, որ Կենտրոնի շուկան արդեն հասունացած է․ այստեղ կտրուկ աճի փոխարեն ձևավորվել է կայուն, կանխատեսելի և բարձր արժեքով շուկա։
Այլ կերպ ասած՝ Կենտրոնում գների աճը պայմանավորված է ոչ թե արագ վերագնահատմամբ, այլ վարչական շրջանի կայացած շուկայական դիրքի, բարձր արժեքային նշաձողի և սահմանափակ նոր առաջարկի պայմաններում գների կայուն պահպանմամբ։
Նորք-Մարաշը գրաֆիկում առանձնանում է որպես ամենաարագ աճ արձանագրած վարչական շրջաններից մեկը։ Եթե 2025թ․ առաջին եռամսյակում այստեղ միջին գինը կազմել է մոտ 400,000 դրամ/քմ, ապա 2026թ․ առաջին եռամսյակում այն հասել է մոտ 485,000 դրամ/քմ-ի։
Տարեկան աճը կազմել է շուրջ 21%, ինչը զգալիորեն գերազանցում է Երևանի միջին աճի տեմպը։ Միաժամանակ, 2025թ․ չորրորդ եռամսյակի համեմատ ևս գրանցվել է մոտ 4.6% աճ։
Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ Նորք-Մարաշում շուկան գտնվում է ակտիվ վերագնահատման փուլում։ Վարչական շրջանը դեռևս ամբողջությամբ չի հասել Կենտրոնի կամ Արաբկիրի գնային մակարդակին, սակայն իր դիրքային առանձնահատկություններով և զարգացման պոտենցիալով սկսել է ձևավորել ավելի բարձր գնային միջավայր։
Երևանի անշարժ գույքի շուկան 2026թ․ առաջին եռամսյակում շարունակում է պահպանել դրական գնային դինամիկա։ Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ շուկան աճում է, սակայն տարբեր վարչական շրջաններում այդ աճը տարբեր ինտենսիվությամբ է արտահայտվում։ Որպես օրինակ վերցնելով ամենակայուն վարչական շրջաններից մեկը՝ Կենտրոնը, որտեղ գները գտնվում են բարձր մակարդակի վրա և աճում են չափավոր տեմպով և Նորք-Մարաշը որպես զարգացող և արագ աճող վարչական շրջան որը արձանագրել է զգալի գնային բարձրացում 2025թ․առաջին եռամսյակի համեմատ։
Այսպիսով, 2026թ․ առաջին եռամսյակի տվյալներով Երևանի բնակարանային շուկան կարելի է բնութագրել որպես աճող, բայց ոչ միատարր շուկա, որտեղ կայուն բարձրարժեք հատվածները և արագ վերագնահատվող ուղղությունները ձևավորում են ընդհանուր դրական գնային միջավայր։
Տվյալների աղբյուրն է՝ Cadastre.am
Մշակված և համալրված RED Invest Group-ի կողմից