
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի առաջնային անշարժ գույքի շուկան, մեր գնահատմամբ, կարձանագրի շուրջ 147% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս արդյունքը վկայում է, որ շուկան ոչ միայն պահպանել է տարվա սկզբին ձևավորված բարձր ակտիվությունը, այլև մտել է զարգացման նոր փուլ, որտեղ պահանջարկն աստիճանաբար վերածվում է կայուն շուկայական միտման։
Առաջին կիսամյակի ընթացքում շուկայի ակտիվությունը պայմանավորված էր միաժամանակ մի քանի գործոններով՝ կառուցապատողների կողմից առաջարկվող ավելի ճկուն ֆինանսավորման պայմաններով, գնորդների վստահության պահպանմամբ և նոր բնակելի նախագծերի շարունակական ընդլայնմամբ։ Արդյունքում, բարձր ակտիվությունը պահպանվեց ամբողջ կիսամյակի ընթացքում՝ վկայելով, որ շուկայում ձևավորվել է ոչ թե կարճաժամկետ աճ, այլ առավել կայուն պահանջարկ։ Միաժամանակ փոխվեց նաև մրցակցության բնույթը։ Եթե նախկինում կառուցապատողների հիմնական մրցակցային առավելությունը հաճախ գինն էր, ապա այսօր ավելի մեծ նշանակություն են ստանում վճարման պայմանների ճկունությունը, նախագծերի որակը և գնորդի համար ստեղծվող ֆունկցիոնալ հարմարավետությունը։
2026 թվականի առաջին կիսամյակում ձևավորված շուկայական միտումները հիմք են տալիս ենթադրելու, որ տարվա երկրորդ կեսին Հայաստանի առաջնային անշարժ գույքի շուկան կպահպանի ակտիվության բարձր մակարդակը։ Սակայն, եթե առաջին կիսամյակի հիմնական առանձնահատկությունը պահանջարկի զգալի աճն էր, ապա երկրորդ կիսամյակում շուկայի զարգացումն առավելապես կպայմանավորվի կառուցապատողների մրցակցության խորացմամբ և պահանջարկի տարածքային վերաբաշխմամբ։ Վերջին ամիսներին արդեն նկատվում է փուլային վճարման պայմանների շարունակական ճկունացում․ կառուցապատողները վերանայում են վճարման ժամկետները, ընդլայնում առանց բանկի ֆինանսավորման հնարավորությունները և առաջարկում գնորդների տարբեր խմբերին հարմարեցված պայմաններ։ Ակնկալվում է, որ այս միտումը կշարունակի խորանալ նաև տարվա երկրորդ կիսամյակում՝ փուլային վճարումը վերածելով առաջնային շուկայի գլխավոր մրցակցային գործիքներից մեկի։
Միաժամանակ, երկրորդ կիսամյակում էապես ակտիվանալու է Երևանամերձ մարզերի առաջնային շուկան։ 2026 թվականը եկամտահարկի վերադարձի ծրագրի գործողության վերջին տարին է, ինչի արդյունքում բազմաթիվ գնորդներ կձգտեն մինչև տարեվերջ ավարտին հասցնել բնակարանի ձեռքբերման գործընթացը՝ օգտվելով գործող պետական աջակցության պայմաններից։ Այս հանգամանքը կնպաստի Երևանամերձ բնակավայրերում լրացուցիչ պահանջարկ ձևավորելուն հատկապես այն համայնքներում, որտեղ նոր բնակարանաշինությունը վերջին տարիներին զգալի ակտիվացել է։
Այսպիսով, մեր գնահատմամբ, տարվա երկրորդ կիսամյակում շուկայի հիմնական զարգացումները պայմանավորված կլինեն ոչ այնքան պահանջարկի կտրուկ աճով, որքան կառուցապատողների մրցակցային ռազմավարությունների փոփոխությամբ, վաճառքի ավելի ճկուն պայմանների ձևավորմամբ և պահանջարկի աստիճանական տեղափոխմամբ դեպի Երևանամերձ բնակավայրեր։
2026 թվականի երկրորդ կիսամյակում շուկայի ակտիվության վրա կազդեն ոչ միայն ներքին տնտեսական գործընթացները, այլև մի շարք կարևոր ոլորտային և միջազգային իրադարձություններ, որոնք նպաստում են Հայաստանի ներդրումային միջավայրի և միջազգային տեսանելիության ամրապնդմանը։ Նոյեմբերին նախատեսվող Տուն Էքսպո ցուցահանդեսը կդառնա տարվա վերջին ամիսների շուկայական ակտիվության հիմնական խթաններից մեկը։ Ավանդաբար ցուցահանդեսի ընթացքում կառուցապատողները ներկայացնում են նոր նախագծեր, բարելավված վաճառքի պայմաններ և հատուկ առաջարկներ, ինչի արդյունքում գնորդների հետաքրքրությունն ու գործարքային ակտիվությունը սովորաբար աճում են։
Միաժամանակ, հոկտեմբերին նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵԿՀ) 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը դրական ազդակ կհաղորդեն Հայաստանի ներդրումային միջավայրին։ Թեև դրանց ազդեցությունն անշարժ գույքի շուկայի վրա կլինի անուղղակի, նման միջազգային միջոցառումները նպաստում են երկրի ներդրումային գրավչության և միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Այսպիսով, տարվա երկրորդ կիսամյակում շուկայի ակտիվության վրա ազդելու են ինչպես ներքին շուկայական միտումները, այնպես էլ արտաքին իրադարձությունները, որոնք լրացուցիչ հիմքեր են ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի առաջնային անշարժ գույքի շուկան պահպանել է բարձր ակտիվությունն ու ձևավորել կայուն զարգացման հիմքեր։ Մեր գնահատմամբ՝ տարվա երկրորդ կիսամյակում շուկայի հիմնական միտումները կկենտրոնանան կառուցապատողների միջև մրցակցության խորացման, վաճառքի ավելի ճկուն պայմանների և Երևանամերձ մարզերում պահանջարկի ակտիվացման շուրջ։
Միաժամանակ, տարվա ընթացքում նախատեսվող ոլորտային և միջազգային միջոցառումները կարող են նպաստել Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ հետաքրքրության պահպանմանը, աճին և շուկայի հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորմանը։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի երկրորդ կիսամյակը խոստանում է լինել առաջնային անշարժ գույքի շուկայի զարգացման հերթական կարևոր փուլը։
Մշակված և համալրված ՌԷԴ Ինվեստ Գրուպի կողմից։