
Անշարժ գույքի ոլորտում՝ լինի դա կառուցապատող, ներդրող կամ գնորդ, տարածքի ընտրությունը երբեք պարզապես «քարտեզի վրա կետ» չէ։ Դա ռազմավարական որոշում է, որը պահանջում է ոչ միայն ներկա վիճակի գնահատում, այլ նաև տարածքի ապագա զարգացման հնարավորությունների ու ռիսկերի հաշվարկ։ Երբ ընտրությունը արվում է՝ հաշվի առնելով, թե ինչպես կարող է տարածքը փոխվել ժամանակի ընթացքում, որոշումը դառնում է նպատակային ու հիմնավորված, ոչ թե հապճեպ կամ մակերեսային։
Անշարժ գույքի համաշխարհային շուկայում հաճախ նկատվում է մի օրինաչափություն՝ տարածքներ, որոնք երկար ժամանակ համարվել են երկրորդական կամ անտեսված, հետագայում վերածվում են բարձրարժեք ներդրումային կենտրոնների։ Williamsburg-ը Նյու Յորքում և Shoreditch-ը Լոնդոնում դրա վառ օրինակներն են։ Երկուսն էլ անցել են նույն փուլերով՝ մարգինալ տարածքից վերածվելով մշակութային և տեխնոլոգիական կենտրոնների, որտեղ գույքի արժեքը աճել է ոչ միայն շինարարության, այլ նաև տարածքի ընկալման փոփոխության արդյունքում։ Այս փոփոխությունները հանգեցրել են տարածքային կապիտալիզացիայի՝ երբ ոչ միայն գույքը, այլ ամբողջ միջավայրը սկսում է ստեղծել ավելացված արժեք։
Անդրադառնալով հայաստանյան շուկային՝ նմանօրինակ զարգացում նկատվել է Դավթաշենում։ Երկար ժամանակ դիտարկվելով որպես Երևանի ծայրամասային և համեմատաբար պասիվ շրջան, այն վերջին տարիներին զգալիորեն փոխվել է։ Ենթակառուցվածքների բարելավումը, նոր բնակելի համալիրների կառուցումը և համայնքային միջավայրի ակտիվացումը նպաստել են տարածքի վերարժևորմանը։ Այսօր Դավթաշենը ոչ միայն ունի աճող պահանջարկ, այլ նաև ձևավորում է նոր որակի քաղաքային կենսակերպ՝ դառնալով կապիտալիզացվող գոտի, որտեղ ներդրումները կարող են վերածվել երկարաժամկետ արժեքի։
Ավելի հիմնավոր և խորքային վերլուծություն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել վերջին տարիների անշարժ գույքի շուկայի քանակային և գնային ցուցանիշների ամբողջական պատկերը։ Ստորև ներկայացված գրաֆիկը արտացոլում է Դավթաշեն վարչական շրջանում 2017–2024 թվականների ընթացքում իրականացված անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների քանակային դինամիկան՝ ըստ կադաստրային տվյալների։

Թեև 2023 թվականին պաշտոնապես գրանցվել է 612 անշարժ գույքի գործարք Դավթաշենում, այդ թիվը ամբողջական պատկեր չի տալիս։ Ըստ մեր վերլուծությունների՝ այդ տարում իրականացվել է նաև շուրջ 400–450 գնման իրավունքով գործարք, որոնք չեն ներառվել պետական վիճակագրության մեջ։ Այսպիսով, իրական գործարքների քանակը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնական տվյալները՝ մոտենալով 1000-ի սահմանին։
2024 թվականին պաշտոնապես գրանցվել է 799 գործարք, սակայն այդ թիվը նույնպես չի արտացոլում ամբողջական պատկերը։ Ըստ նույն աղբյուրների՝ այդ տարում իրականացվել է նաև 668 գնման իրավունքով գործարք։ Սա նշանակում է, որ ընդհանուր գործարքների թիվը 2024-ին մոտեցել է 1500-ի, ինչը վկայում է շուկայի ակտիվության զգալի աճի մասին։
Քանակային փոփոխությունները ցույց են տալիս շուկայի ակտիվությունը, սակայն ամբողջական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է դիտարկել նաև գնային աճը, որը բացահայտում է տարածքի կապիտալիզացման մակարդակը։
Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է Դավթաշեն վարչական շրջանում 1 քառակուսի մետրի միջին գնի փոփոխությունը՝ 2002–2025 թվականների ընթացքում, ըստ կադաստրային տվյալների։ Գրաֆիկը արտացոլում է շուկայի երկարաժամկետ գնային դինամիկան, ներառյալ աճի և կայունացման փուլերը։

2002–2016 թվականների ընթացքում Դավթաշենում անշարժ գույքի 1 քմ-ի միջին գինը զգալիորեն աճել է՝ սկսելով մոտ 57,000 դրամից և հասնելով շուրջ 276,800 դրամի։ Այս փուլում շուկան անցել է կայուն զարգացման ճանապարհ՝ արձանագրելով պահանջարկի աստիճանական բարձրացում։ 2017-ից սկսած, գների աճը դարձել է ավելի դինամիկ։ Այդ տարի միջին գինը կազմել է 257,900 դրամ, իսկ 2024-ին արդեն հասել է 476,700 դրամի։ Այս փոփոխությունը վկայում է տարածքի նկատմամբ աճող հետաքրքրության, շինարարական ակտիվության և ներդրումային արժեքի կայուն բարձրացման մասին։
Այս թվերը ցույց են տալիս, որ Դավթաշենը շարունակում է զարգանալ որպես ներդրումային գրավիչ տարածք։ Պաշտոնական տվյալների և ոլորտային վերլուծությունների համադրումը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացնել շուկայի իրական շարժը և կայացնել հիմնավորված ներդրումային որոշումներ։
Այսպիսի վերլուծական մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել այն տարածքները, որոնք դեռևս չեն հայտնվել շուկայի ակտիվ քարտեզի վրա, բայց ունեն ներքին աճի ներուժ։ Այդպիսի գոտիների ճիշտ ճանաչումը կարող է կառուցապատողին տալ մրցակցային առավելություն՝ թե դիրքի, և թե կապիտալի արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից։ Երբ տարածքը դեռ «չի խոսում», բայց արդեն «շնչում է», ճիշտ պահին արված քայլը կարող է փոխել ոչ միայն գնի կորը, այլ նաև քաղաքի քարտեզը։
Այսօր, երբ քաղաքային զարգացումը դառնում է ավելի արագ, բազմաշերտ և հաճախ անսպասելի, նման օրինակները հիշեցնում են, որ որոշ տարածքներ, որոնք հիմա գուցե «հանգիստ» են, վաղը կարող են դառնալ ակտիվ շուկայի առանցք։ Իսկ այդպիսի տարածքները տեսնելու, գնահատելու և ճիշտ պահին ուղղություն տալու կարողությունը՝ հենց դա է, ինչ տարբերակում է սովորական որոշումը ռազմավարականից։