
2024 թվականին Հայաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 15.730 անշարժ գույքի գնման իրավունքի գործարք, որոնցից 12.836-ը իրականացվել է Երևանում (82%), իսկ 2.894-ը՝ մարզերում (18%)։
Տարեսկզբին տարածված էր այն տեսակետը, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկան «պայթելու» է, պահանջարկը կտրուկ կնվազի, և կառաջանա առաջարկի էական ավելցուկ պահանջարկի նկատմամբ, ինչը կհանգեցնի աննախադեպ գնանկման։
Սակայն փաստացի տվյալների և վերլուծությունների հիման վրա կարելի է արձանագրել, որ 2025 թվականին անշարժ գույքի գնման իրավունքի շուկայում նկատվում է գործարքների որոշակի նվազում, մինչդեռ գնային էական փոփոխություններ չեն արձանագրվում։ Ըստ մեր վերլուծությունների և կանխատեսումների, անշարժ գույքի շուկայում կարձանագրվի մոտավորապես 11.500 գործարք, ինչը 2024 թվականի համեմատ նվազում է շուրջ 27%-ով։ Ընդ որում՝ Երևանում գործարքների քանակը նվազել է մոտ 43%-ով, իսկ մարզերում՝ ավելացել է շուրջ 45%-ով։
Քանի որ 2024 թվականի վերջը համարվում էր Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի դադարեցման վերջնաժամկետը, շուկայում առաջացավ «բումի էֆեկտ»․ գնորդները շտապեցին գործարքներ կատարել մինչև այդ ժամկետը։ Հենց այդ պատճառով հաջորդ փուլում գրանցվեց գործարքների թվի նվազում։ Եթե այս էֆեկտի ազդեցությունը չեզոքացնենք, կտեսնենք, որ իրականում շուկայում տեղի է ունեցել միայն փոքր տատանում, ինչը կարելի է դիտարկել որպես շուկայի կայունացման փուլ։