
Վերջին տարիների փորձը և շուկայում հաճախ լսվող դժգոհությունները ցույց են տալիս, որ գնորդները բնակարան ընտրելիս ուշադրություն են դարձնում հիմնականչափանիշներին՝գին, մակերես, տեղակայություն։Սակայնկանմիշարքկարևորգործոններ, որոնքհաճախմնումենանտեսվածևհետագայումկարողենմեծազդեցությունունենալթե՛կյանքիորակի, թե՛ներդրումայինարժեքիվրա։
Շատ դեպքերում բնակարան գնելիս գնորդները բավարար ուշադրություն չեն դարձնում ավտոկայանատեղիի առկայությանը՝ այն համարելով երկրորդական կամ ոչ առաջնային գործոն։ Սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ սեփական կայանատեղի չունենալը հանգեցնում է մի շարք էական անհարմարությունների։ Ամենօրյա կյանքում մեքենայի համար ազատ տեղ որոնելը վերածվում է ժամանակի զգալի կորուստի, իսկ երբեմն ստիպում է կայանել ոչ թույլատրելի վայրերում՝ ավելացնելով տուգանքների և սխալ կայանման ռիսկը։ Բացի այդ, մեքենան կանգնած է պատահական վայրում՝ առանց վերահսկման և պատշաճ պահպանության, ինչը կարող է վտանգել դրա անվտանգությունը։

Այս խնդիրներին միանում է նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման հարցը, որը առանց անձնական կայանատեղիի գրեթե անհնար է կազմակերպել։
Հետևաբար, ավտոկայանատեղին պետք է դիտարկել ոչ թե որպես հավելյալ հարմարություն, այլ որպես բնակարանի արժեքի և կյանքի որակի անբաժանելի բաղադրիչ։ Այն ապահովում է հարմարավետություն, պաշտպանվածություն և ներդրումային երկարաժամկետ արժեք՝ դարձնելով գույքը ոչ միայն օգտագործման, այլ նաև ռազմավարական տեսանկյունից առավել գրավիչ։
Անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում հաճախ անտեսվող, բայց կենսական նշանակություն ունեցող գործոններից է նախագծում կոմունիկացիաների առկայությունը։ Գազի, հոսանքի, ջրի և կոյուղու հասանելիությունը ոչ միայն ապահովում է բնակելի տարածքի լիարժեք գործունակությունը, այլև ուղղակիորեն ազդում է կյանքի որակի և գույքի երկարաժամկետ արժեքի վրա։

Առանց այս համակարգերի լիարժեք ապահովման, նույնիսկ ամենանորակառույց և գեղեցիկ բնակարանը կարող է վերածվել խնդիրների աղբյուրի՝ սահմանափակելով հարմարավետությունը և առաջացնելով հավելյալ ծախսեր։
Սա ամենևին էլ հազվադեպ խնդիր չէ․ շուկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ գնորդները հետագայում բախվում են նման բացթողումների հետևանքներին։ Հետևաբար, կոմունիկացիաների առկայության ստուգումը պետք է դիտարկվի որպես առաջնային քայլ բնակարան գնելու գործընթացում՝ ապահովելու համար թե՛ կյանքի որակը, և թե՛ ներդրման կայունությունը։
Հաջորդ կարևոր և սովորաբար անտեսված գործոններից է սեյսմակայունությունը։ Հայաստանի սեյսմիկ գոտում դա կարող է վճռորոշ լինել՝ հատկապես երկարաժամկետ անվտանգության տեսանկյունից։

Այս հատկանիշը դժվար է գնահատել առանց մասնագիտական փորձաքննության, ուստի գնորդին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կառուցապատողի վարկանիշին, հուսալիությանը և նախորդ նախագծերի պատմությանը։
Առաստաղի բարձրությունը հաճախ դիտվում է որպես երկրորդական գործոն, սակայն իրականում այն կարող է զգալի ազդեցություն ունենալ տան մթնոլորտի և հարմարավետության վրա։

Ճնշող միջավայր, օդի պակաս, հաճախ օդափոխության անհրաժեշտություն — այս խնդիրները հաճախ ի հայտ են գալիս այնպիսի բնակարաններում, որտեղ առաստաղը չափազանց ցածր է։ Նույնիսկ եթե մակերեսը բավարար է, ցածր առաստաղը կարող է ստեղծել «փակված» զգացողություն և տեսողականորեն փոքրացնել տարածքը։
Բնակարան գնելու պահին շատերն անտեսում են նախամուտքի լայնությունը։ Կառուցապատողները լավ գիտակցում են, որ ընդարձակ նախամուտքը նշանակում է մակերեսի կորուստ, և աշխատում են նախագծել հնարավորինս նեղ մուտքեր՝ յուրաքանչյուր քառակուսին վաճառքի ենթակա դարձնելու համար։ Սակայն իրականում նեղ նախամուտքը կարող է դառնալ ամենօրյա անհարմարության աղբյուր։

Նախ, կահույքի կամ մեծ տեխնիկայի տեղափոխումը դառնում է դժվար, երբեմն էլ՝ պարզապես անհնար։ Նույնը վերաբերում է վերանորոգման ժամանակ շինանյութի կամ մեծ չափի դետալների ներմուծմանը․ նեղ մուտքը խոչընդոտում է գործընթացը և ավելացնում ծախսերը։ Բացի այդ, նեղ նախամուտքը սահմանափակում է ազատ տեղաշարժը, ստեղծում է ճնշող մթնոլորտ և նվազեցնում է տան ընդհանուր հարմարավետությունը։
Ձայնամեկուսացումը այն գործոններից է, որը հաճախ անտեսվում է բնակարան ընտրելիս, սակայն այն կարող է լրջորեն ազդել ձեր առօրյայի որակի վրա։
Ներքին պատերի և հատակի անբավարար ձայնամեկուսացումը նշանակում է, որ դուք կարող եք լսել հարևանների խոսակցությունները, երաժշտությունը կամ նույնիսկ քայլերի ձայնը։ Սա ոչ միայն անհարմար է, այլ նաև սահմանափակում է ձեր սեփական ազատությունը՝ ստիպելով ձեզ ավելի զգուշավոր լինել, ավելի ցածր խոսել, կամ խուսափել բարձր ձայնից։

Բացի այդ, վատ ձայնամեկուսացումը կարող է ազդել նաև ձեր հանգստի, աշխատանքի և քնի վրա՝ հատկապես եթե աշխատում եք տնից կամ ունեք փոքր երեխա։
Հարևանների գործոնը բնակարան ընտրելիս չի համարվում առաջնային, բայց իրականում այն կարող է ամենաշատը ազդել ձեր առօրյայի որակի վրա։ Երբ հարկում շատ բնակարաններ են, շարժն ու աղմուկը դառնում են անխուսափելի, իսկ վերելակների քիչ քանակը նշանակում է հերթեր և ժամանակի կորուստ։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, թե որ սենյակներն են ընդհանուր պատով բաժանված․ եթե ձեր ննջասենյակը պատկից է հարևանի հյուրասենյակին կամ խոհանոցին, ապա բարձր ձայները կարող են խանգարել ձեր հանգստին։

Ավելի հարմար է, երբ ընդհանուր պատով բաժանված են ոչ հիմնական սենյակները, օրինակ պահարաններ կամ միջանցքներ։ Հարկ է նաև հաշվի առնել հարևանների կենսակերպը, երեխաների կամ կենդանիների առկայությունը, երաժշտության բարձր ձայնը, քանի որ այս ամենը ուղղակիորեն ձևավորում է ձեր առօրյա հարմարավետությունը։
Երեսպատումը շենքի արտաքին պաշտպանությունն է, որը երբեմն դիտվում է որպես երկրորդական գործոն գնորդների կողմից, քանի որ անմիջականորեն չի առնչվում բնակարանի ներքին հարմարություններին։ Այնուամենայնիվ, ճիշտ և որակյալ երեսպատումը մեծ ազդեցություն ունի բնակարանի հարմարավետության և արժեքի վրա։ Լավ երեսպատումը ապահովում է ջերմամեկուսացում, ինչը նվազեցնում է էներգիայի կորուստները և պահպանում է ներսի կայուն ջերմաստիճանը։ Այն նաև նպաստում է ձայնամեկուսացմանը՝ նվազեցնելով փողոցային աղմուկը, և պաշտպանում է շենքը խոնավությունից, քամուց ու եղանակային վնասներից։

Բացի գործնական օգուտներից, երեսպատումը ձևավորում է շենքի արտաքին տեսքը, ինչը անմիջականորեն ազդում է բնակարանի շուկայական գրավչության և արժեքի վրա։ Այսպիսով, բնակարան ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն ներսի դիզայնին, այլև շենքի արտաքին երեսպատման նյութին և որակին։
Ամփոփելով կարելի է ասել, որ բնակարան ընտրելիս կարևոր գործոնների ամբողջական համադրությունը հազվադեպ է հանդիպում․ դժվար է գտնել մի շենք, որտեղ միաժամանակ ապահովված են և՛ լավ ձայնամեկուսացում, և՛ քիչ հարևաններ հարկում, և՛ բավարար վերելակներ, և՛ ճիշտ սենյակների դասավորություն, և՛ որակյալ երեսպատում։ Սակայն եթե այս գործոնների մեծ մասը բացակայում է, դա արդեն հուշում է, որ ձեր կատարած որոշումը այնքան էլ օպտիմալ չէ։ Հետևաբար, նույնիսկ եթե իդեալական տարբերակ չկա, արժե ձգտել ընտրել այնպիսի բնակարան, որտեղ առնվազն հիմնական գործոնները ապահովված են, քանի որ դրանք են ձևավորում ձեր ապագա տան հարմարավետությունն ու արժեքը։